Մեզ այլեւս անհրաժեշտ է ավելի լայն հասարակական-քաղաքական համախմբում, պայքարող ուժերի լայն կոնսոլիդացիա: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայկական վերածնունդ» կուսակցությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
««Հայկական վերածնունդ» կուսակցությունը մշտապես պաշտպանել է այն թեզը, որ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ակտիվ մասնակցությունը եւ հաջողությունների գրանցումը կարեւոր պայման է ցանկացած քաղաքական ուժի համար ոչ միայն սեփական ուժերը փորձարկելու, այլեւ հետագա համապետական ընտրություններում ավելի լուրջ արդյունքներ գրանցելու համար: Ելնելով վերը նշված սկզբունքից` «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ակտիվորեն մասնակցել է 2016 թ. սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին եւ գրանցել էական արդյունքներ ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ գյուղական համայնքներում: Մասնավորապես, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կայուն երրորդ արդյունքն է գրանցել հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում` Գյումրիում եւ Վանաձորում, հինգ տասնյակից ավելի համայնքներում հաղթել են «Հայկական վերածննդի» թեկնածուները եւ նրանք, ում պաշտպանել է ՀՎԿ-ն, ինչպես նաեւ շուրջ 200-ից ավելի ՀՎԿ-ական ավագանիներ ամբողջ հանրապետությունում:
Ամփոփելով ընտրությունների արդյունքները, համադրելով այլ քաղաքական ուժերի գրանցած ցուցանիշները` կուսակցությունն արձանագրում է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով համապետական մակարդակում ՀՎԿ-ն գրավել է հաստատուն երկրորդ տեղը, զգալիորեն առաջ անցնելով այլ քաղաքական ուժերից:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հայտարարում է, որ վերը նշված արդյունքները գրանցվել են համառ, դժվարին պայքարի ու հետեւողական աշխատանքի շնորհիվ, քանզի ընտրությունների ամբողջ ընթացքում նկատվել են ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր` սկսած ընտրակաշառքներից, վերջացրած միկրոավտոբուսներով մարդկանց ընտրատարածք տեղափոխելն ու վարչական լծակների կիրառումը, մեր թեկնածուների նկատմամբ առանձին դեպքերում կիրառված սեւ հակաքարոզչությունը եւ լկտի զրպարտանքները, այլապես համոզված ենք, որ արդյունքները շատ ավելի ծանրակշիռ էին լինելու:
Այդուհանդերձ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը սեփական փորձով ապացուցեց, որ միասնական, սկզբունքային ու համախմբված պայքարով, կազմակերպված աշխատանքով հնարավոր է «սայլը տեղից շարժել», հետեւաբար կրկին անգամ վերահաստատում ենք մեր այն դիրքորոշումը, որ մասնատված, հատվածական պայքարը, փոքր ուժերի լոկալ հաջողություններից առաջացած չարդարացված էյֆորիան կարող է բացասական ազդեցություն ունենալ հետագա` ավելի գլոբալ համապետական պայքարի հաջողության վրա, ուստի գտնում ենք, որ մեզ այլեւս անհրաժեշտ է ավելի լայն հասարակական-քաղաքական համախմբում, պայքարող ուժերի լայն կոնսոլիդացիա:
Ուստի կրկին կոչ ենք անում Հայաստանի զարգացման հեռանկարով մտահոգ քաղաքական ուժերին, միավորներին ու անհատներին մի կողմ դնել քաղաքական նեղ ամբիցիաները, հաշվի առնել առկա հնարավորություններն ու ձեւավորված իրողությունները եւ իրական քայլեր կատարել համախմբման, միասնական ճակատով պայքարելու ուղղությամբ` հանուն Հայաստանի վերածննդի եւ զարգացման»:




























