Ընտրությունների ճակատագիրը որոշվում է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այլ Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում ասաց անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 2-ին Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին:
«Երկար ժամանակ կա միֆ, թե ԿԸՀ-ում մարդիկ են նստած, որոնք ինչ ուզում, նկարում են, այս միֆը պահպանվում է, մարդիկ մտածում են՝ ընտրությունների ճակատագիրը որոշում են այնտեղ, բայց այդպես չէ: Ընտրությունների ճակատագիրը որոշվում է ՏԸՀ-ներում: Այն կուսակցությունները, որոնք հանձնաժողովներում անդամներ ունեն, պատասխանատու են արդյունքների համար: Եթե ունես անդամներ, որոնք ծախվել են, կամ չունես անդամներ, դա քո խնդիրն է: Եթե ունես վստահված անձինք, ունենք, նրանք կարող են պահպանել քո քվեն: Մեզ ուղղված ձայները հասել են մեզ, շատ են եղել իշխող կուսակցության ձայները: Թե ինչու են շատ եղել, դա պարզ է բոլորիս»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորն այնուհետեւ անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի ելույթին, երբ նա խոսել էր Սիսիանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուի՝ Սրբուհի Գրիգորյանին. «Սահակյանն ասում էր՝ Սիսիանում 173 ձայն է տարել ձեր թեկնածուն, բայց Սիսիանում շատ մի խիզախ կին, որը 173 ձայն է ստացել, ու այստեղ հրճվանքով խոսում են դրա մասին, էս եք դուք... Ես այդ մարդկանց մի բան ասեմ՝ մի անգամ առաջադրվեք, եթե ձեր ընտանիքից ու բարեկամներից բացի առանց գումար բաժանելու, կարուսելի կարողանաք 100 ձայն հավաքել, ես ձեզ հետ կխոսեմ այդ ժամանակ»:
Մարուքյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց խոսել բուն թեմայից, ոչ թե իրենց հուզող հարցերից:




























