Բուքմեյքերական ընկերությունները բողոքում են հարկային օրենսգրքի փոփոխությունից, ըստ որոնց` վիճակախաղերի եւ ինտերնետ շահումների կազմակերպման լիցենզիաների համար տարեկան տուրքը հինգ անգամ ավելանալու է: Բուքմեյքերական «Եվրոֆուտբոլ» ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներն այսօր` հոկտեմբերի 6-ին, հավաքվել էին Կառավարության դեմ` իրենց բողոքը հայտնելու:

«Այդ փոփոխությունը կատարելիս հաշվի չեն առել ոլորտի մասնագետների կարծիքը: Դրա հետեւանքով ոլորտում աշխատող ընկերությունները կփակվեն, աշխատատեղերը կկրճատվեն: Գործազրկությունը կավելանա հատկապես ՏՏ ոլորտի մասնագետների շրջանում, որոնք ոլորտն են սպասարկում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության իրավաբանական գծով փոխտնօրեն Մառլեն Սմբատյանը:

Մառլեն Սմբատյանի խոսքով` այս փոփոխության ամենածանր հետեւանքը կլինի այն, որ ոլորտում մոնոպոլիա կձեւավորվի, կմնա միայն այն ընկերությունը, որը կկարողանա վճարել հարկերը:

«Կփակվի ավելի քան 1200 աշխատեղ: 1 միլիարդ 500 մլն դրամ ընդհանուր հարկեր են մուծվում պետբյուջե, որոնք այլեւս չեն մուծվի: Մի քանի հարյուր վարձակալությամբ վերցրած տարածքներ, որոնք ապահովում են սեփականտերերի ապրուստի միջոցները, կվերադարձվեն»,- ասաց մա:

Բողոքողներին կառավարության ներսում ընդունեցին, խոստացան, որ առաջիկայում խնդիրները քննարկելու նպատակով հանդիպում կկազմակերպեն Կառավարությունում: