ՀՀ քաղաքացիները չպետք է ավելորդ ժամանակ վատնեն պետական ծառայություններ ստանալու համար։ Այս մասին հոկտեմբերի 6-ին Կառավարությունում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր գերատեսչություն Արդարադատության նախարարությանը կներկայացնի իր պետական ծառայությունների ցուցակը՝ գործընթացի եւ անհրաժեշտ փաստաթղթերի նկարագրությամբ։ Այդ տվյալների հիման վրա ԱՆ–ը Կառավարությանը կներկայացնի առաջարկներ, թե ինչպես այդ ծառայությունները բնակչության համար որակապես, ինչպես նաեւ տարածության եւ ժամանակային առումով հասանելի դարձնել։
Որպես այլընտրանքային լուծում՝ վարչապետն առաջարկել է քննարկել ինչ–որ պետական ծառայություններ այլ մասնավոր սեկտորի ուղարկելու տարբերակը։ «Պետք է առավելապես բաց ճանապարհով պետական ծառայությունների համար հարթակներ ստեղծել։ Այն, ինչ քաղաքացիներն ակնկալում են ստանալ պետական մարմիններից, պետք է ստանան ամենակարճ ժամկետում։ Դրանով հնարավոր կլինի վերջ դնել հերթերին եւ գերատեսչության սեղաններով փաստաթղթերի ճանապարհորդություններին»,– ասել է վարչապետը։



























