«Ինձ անհանգստացնում է ոչ թե Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը, այդ դրա ձեւը, որովհետեւ այն շատ նման է ապրիլի 23-ին արված հայտարարությանը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ երկու կարեւոր պատմական փաստաթղթերն էլ բացահայտվեցին կեսգիշերին ու անակնկալ կերպով: «Կարծես Հայաստանն ու Թուրքիան ավելի շատ թաքցնելու բան ունեին: Իմ անհանգստությունը ավելի շատ գործընթացին է վերաբերում, որի դեպքում եւ Թուրքիայի, եւ Հայաստանի հասարակությունները ոչ պատրաստված էին, ոչ էլ տեղյակ այդ հայտարարությունից: Նրանք մի առավոտ արթնացան եւ հայտնաբերեցին այս հայտարարությունը»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը, Ռ. Կիրակոսյանն ասաց, որ դրանում կան թե վտանգներ, թե դիվանագիտական հաղթանակներ: Հաղթանակն այն է, որ Ղարաբաղի մասին այնտեղ որեւէ հիշատակում չկա, ոչ էլ «օկուպացիա» տերմինը կա: Իսկ վտանգը դա ուժերի ասիմետրիկությունն է, երբ Հայաստանն անհամեմատ թույլ է, քան Թուրքիան:

Նրա ներկայացմամբ, միջազգային հանրության կողմից լուրջ ճնշում է լինելու կողմերի վրա, որպեսզի նրանք իրագործեն այս արձանագրություններում տեղ գտած դրույթները: «Անգամ Թուրքիայի կառավարությունը վստահ չէ, որ իր խորհրդարանը կվավերացնի դա»,- ասաց քաղաքագետը:

Ի դեպ, Ռ. Կիրակոսյանն նշեց, որ այս հայտարարությունն ու Արձանագրությունները պատրաստ են եղել օգոստոսի 31-ից շատ-շատ առաջ եւ զարմանալի չէր, որ Թուրքիայի ԱԳ նախարարը այդ պահին գտնվում էր Իրաքում, ոչ Թուրքիայում: