Մինսկ ուղեւորված օդանավում ռումբի առկայության մասին կեղծ հաղորդագրության պատճառով Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ձերբակալված տղամարդը, պարզվել է, բելառուսցի ռեփեր Սերգեյ Պարխոմենկոն է, որը հայտնի է որպես Սերյոգա: «360» հեռուստաալիքի հետ զրույցում լուրը հաստատել է օդանավակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Պոդոլսկին: Արտիստը տրանսպորտային ոստիկանության բաժանմունքում է:
Վնուկովոյի ծառայություններից մեկի աղբյուրն իր հերթին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ձերբակալվածի մոտ Սերգեյ Պարխոմենկոյի անվամբ Մինսկի չվերթի տոմս է եղել:
Մոսկվա-Մինսկ չվերթն իրականացնող օդանավի ականապատման մասին հայտարարել է թռիչքից ուշացած ուղեւորը: Ռումբի առկայության մասին հաղորդագրությունը ստանալու պահին օդանավն արդեն օդում է եղել: Ինքնաթիռն ու ուղեբեռը մանրամասն զննության կենթարկվեն Բելառուսի մայրաքաղաք ժամանելուց հետո:
Սերյոգան ճանաչում է ձեռք բերել «Черный бумер» երգի թողարկումից հետո: Ռեփերը երեք անգամ անընդմեջ՝ 2005-2007 թվականներին, արժանացել է «Золотой граммофон» մրցանակի:




























