Կոնդ թաղամասի խաբված բնակիչներից շատերին բնակարանների վարձակալման գումարները չեն փոխհատուցել:  NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից տիկին Անահիտը նշեց, որ արդեն 10 տարի բնակարանները վարձակալող կոնդեցիները պահանջում են նոր կառավարությունից անհապաղ լուծել իրենց բնակարանների խնդիրը:

«Երեկ կոնդեցիներից մի տարեց կին՝ Սանամ Չոբանյանը,  մահացավ, որն արդեն 10 տարի վարձով էր ապրում եւ այդպես էլ չկարողացավ իր տունն ստանալ: Հիմա տունը, որտեղ վարձով բնակվում էր,  տանտերը թույլ չի տալիս, որ այդ տնից հուղարկավորեն կնոջը, այ էս վիճակում ենք հայտնվել»,-ասաց նա:

Տիկին Անահիտը նշեց, որ կառավարությունից իրենց դեռ մեկ շաբաթ առաջ էին խոստացել, որ հանդիպում կկայանա վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, սակայն, այդպես էլ ոչ մի հանդիպում չի կայացել. «Ուղիղ մեկ շաբաթ առաջ Դավթյանը մեզ խոստացավ հանդիպում վարչապետի հետ, բայց այդպես էլ այդ հանդիպումը չկայացավ: Մենք պետք է ամեն շաբաթ գնանք կառավարության դիմաց, տարբեր բողոքի ակցիաներ անե՞նք անպայման, որ մեր վրա էլ ուշադրություն դարձնեն: Այս պայմաններում արդեն անհնար է գոյատեւելը, իրենց անտարբերության պատճառով տուժում են եւ մեր երեխաները, եւ մենք»,-ասաց տիկին Անահիտը՝ նշելով, որ առաջիկայում պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել:

Հիշեցնենք,  որ տասը տարի առաջ կառավարությունը որպես գերակա շահ է ճանաչել Կոնդում գտնվող տարածքը եւ բնակիչներին  դուրս հանել իրենց բնակարաններից՝ խոստանալով փոխհատուցում, սակայն մինչեւ այժմ չի կատարել պայմանագրային պարտավորությունը։ Բնակիչներն ապրում են վարձով եւ փոխհատուցում են պահանջում: