«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը, որը սեպտեմբերի 27-ին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում ենթարկվել է ոտքի վիրահատության, հոկտեմբերի 5-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ Արմեն Լամբարյանը հենակների օգնությամբ արդեն կարողանում է քայլել:
Նշենք, որ Արմեն Լամբարյանի ձախ ոտքի ազդրի կոտրվածքի պատճառով տեղադրվել է մետաղական հարթակ «օստեոսինթեզ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը սեպտեմբերի 26-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց:
Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):




























