Ես կցանկանամ, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա, բայց դա իր որոշելիքն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը խորհրդարան էր եկել`ԿԸՀ անդամների ընտրության համար:

Աբրահամ Մանուկյանը պնդում է, որ իր եւ ԲՀԿ-ականների հարաբերությունները նորմալ են, ոչ մի խնդիր չունեն: Հիշեցնենք, որ Աբրահամ Մանուկյանն ասել էր, թե հոկտեմբերի 15-ից հետո հայտարարությամբ հանդես կգա: Այսօր էլ նա պնդեց, որ իր քաղաքական ապագայի հետ կապված հայտարարություն կանի իր նշած ժամկետում: Հարցին`Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո հնարավո՞ր է՝ իր դերը ԲՀԿ-ում փոխվի, նա պատասխանեց. «Ենթադրելու բան չկա:  Ես ինքս եմ  իմ դերը սառեցրել կուսակցությունում:  Երբ որոշեմ, որ շարունակում եմ իմ գործունեությունը քաղաքական դաշտում, ես իմ տեղը կունենամ»:

ԲՀԿ խմբակցության պատգամավորը բավական սպասելիքներ ունի նոր կառավարությունից: «Դրական տեղաշարժեր կան: Վարչապետը տնտեսության զարգացման խորը նպատակներ ունի»:

Իսկ Նաիրա Զոհրաբյանի հետ իր հարաբերությունների մասին էլ ասաց. «Նախ՝ կիսելու բան չի եղել, երկրորդ`ո՞ւմ հետ պիտի կիսեի»: