Ախթալայում ապրում է 3,200 մարդ: Համայնքի հիմնական տնտեսական ոլորտը հանքարդյունաբերությունն է, եւ քաղաքի յուրաքանչյուր «կանաչ» սանտիմետրը կենսական է իր բնակիչների բարեկեցության համար:

2015 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ու գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագիրը եւ ԱՄՆ ՄԶԳ ԱՐԴԻ գյուղական զարգացման ծրագրերը Ախթալայի քաղաքապետարանի եւ "ՀԿ Կենտրոն"-ի հետ ձեռնամուխ եղան քաղաքում բնապահպանական ծրագիր իրականացնելուն: Համատեղելով միջոցները` գործընկերներն այս տարի կանաչ գոտի ստեղծեցին քաղաքի կենտրոնական` Աբովյան եւ Շահումյանի փողոցների խաչմերուկի մոտ 190 քառակուսի մետր կիսաքանդ տարածքում: Երկու փողոցների ասֆալտապատումից բացի, ծրագրի շրջանակում կանաչ գոտում տեղադրվեցին նաեւ նստարաններ, աղբարկղներ եւ լուսավորության սյուներ: Տնկվել են թփեր ու ծաղիկներ, որոնք կանաչ անկյունը շուտով կդարձնեն անցորդների սիրած հանգստյան վայրը: Այս բնապահպանական ծրագրից կօգտվի կանաչ գոտու հարակից տների 600-700 բնակիչ, ինչպես նաեւ ամեն օր հարեւան համայնքներից ժամանած անձինք, ովքեր այցելում են Համաշխարհային բանկի կողմից վերանորոգված տեղի առողջապահական կենտրոնը:

Սեպտեմբերի 27-ին, Լոռու մարզ կատարած իր աշխատանքային այցի ընթացքում, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մասնակցեցին պուրակի պաշտոնական բացմանը` խորհրդանշական ժապավենը կտրելով Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ: