Որոշ հայ պատգամավորների չէր խանգարի ավելի լավ իմանալ, թե ինչպես են արեւմտյան երկրները պաշտպանում իրենց հասարակությունները կողմնակի ազդեցությունից։ Այս մասին հոկտեմբերի 6-ին խորհրդարանում ասել է ՀՀԿ պատգամավոր Հայ Բաբուխանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է անի նույն բանը՝ հիշելով իր հարեւանների եւ շրջապատի մասին։ «Հարգելի՛ ազատության եվրոպական փորձը վկայակոչող գործընկերներ։ Ուշադրությու՛ն դարձրեք Մեծ Բրիտանիայի օրինակին, որը օրերս հայտարարել էր, որ ռազմական գործողությունների դեպքում հրաժարվում է Մարդու իրավունքների կոնվենցիայի 2 կետերից, քանի որ դրանք անշահավետ են ազգային շահերի տեսանկյունից։ Չգիտես ինչու ներկաներից ոմանք չասացին, թե իսկ ի՞նչ եղավ եվրոպական փորձը, Կոնվենցիան։ Տեսե՛ք նաեւ Իսրայելի եւ ԱՄՆ–ի օրինակը։ Բերեմ օրինակ, որից բոլորը սարսափում են։ Ռուսաստանի օրինակը, որը շատ լավ պաշտպանում է իր ազգային շահերը եւ օրենսդրությամբ սահմանել է օտարերկրյա լրտես հասկացությունը։ Եվ շատ ճիշտ է արել»,– ասաց Բաբուխանյանը։

Նշենք, որ ՀԿ–ների մասին օրենքի համաձայն՝ միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների հայաստանյան ստորաբաժանումները չպետք է իրենց կանոնադրություններում ունենան երկրի օրենսդրությանը հակասող դրույթներ։ Հակառակ դեպքում նրանց գործունեությունը դատարանի որոշմամբ կդադարեցվի։