Արցախում մայիսի ծանր հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Հովհաննես Պողոսյանը շարունակում է բուժումը Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հովհաննեսի մայրը` տիկին Գայանեն:
«Հովհաննեսս պարբերաբար բուժում է ստանում Կարմիր խաչում: 15 օր այնտեղ է անցկացնում, հետո գալիս է տուն, որոշ ժամանակ մնում ու նորից բուժման գնում»,- ասաց տիկին Գայանեն:
Հովհաննեսը, մոր խոսքով, ձեռնափայտով հանգիստ քայլում է, բժիշկներն ասում են` կարող է նաեւ առանց ձեռնափայտի, սակայն ընտանիքը դեռ վախենում է. հնարավոր է` հավասարակշռությունը կորցնի եւ ընկնի:
Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը Վանաձորից է, ընտանիքը Երեւանում վարձով է բնակվում:
Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորվել է 2016 թվականի մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։
Նշենք, որ ի սկզբանե խոսակցություններ կային, որ Հովհաննեսն այն զինծառայողներից մեկն է, որին Կառավարությունն իր միջոցներով պետք է արտասահման ուղարկի՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով: Առ այսօր պաշտոնական տեղեկատվություն դրա վերաբերյալ չկա:




























