Սերժ Սարգսյանը չի ուզում փոխել Ընտրական օրենսգիրքը եւ ընտրությունները վերադարձնել ժողովրդին։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ խորհրդարանում ավանդական ճեպազրույցների ժամանակ, ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ երկրում քաղաքական մենաշնորհը պետք է վերանա։ Իսկ դրա համար պետք է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրացնել իր ընտրական իրավունքը, որտեղ էլ որ գտնվի։ Հայաստանում բնակվում է մոտ 2 մլն մարդ, մոտ 1.5 միլիոնն արտագաղթել է, սակայն անգամ նրանք, ովքեր պահպանել են հայկական անձնագրերը, արտասահմանում չեն կարող մասնակցել քվեարկությանը։ «Իշխանությունն արդեն հոգ է տարել իր վերընտրվելու մասին՝ երկիրը բաժանելով 13 ընտրական տարածքների, որտեղ կենտրոնացրել է իր ընտրակեղծարարներին։ Նման «մասնագետներից» մեկը Սյունիքի մերթ գործող, մերթ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է, ում մասին հիշում են ընտրություններից առաջ, երբ պետք է կատարել «ձայներ հավաքելու» պլանը»,– ասել է Փոստանջյանը։