ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին,  շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ Ռուսաստանի քաղաքացիների բարօրության հետագա բարձրացմանը, երկրի բարգավաճմանը եւ միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդմանն ուղղված՝ Ձեր կողմից իրականացվող քաղաքականության գործում:

Անկասկած, եղբայրական եւ բարեկամական բազմադարյա հարաբերությունների վրա հիմնված մեր պետությունների դաշնակցային փոխգործակցության ներուժի համատեղ հետեւողական խորացումը եւ հարստացումը թույլ է տալիս նշանակալի արդյունքների հասնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության բոլոր ուղղություններով: Ձեր անձնական ներդրման շնորհիվ կյանքի են կոչվում կարեւոր միջպետական պայմանավորվածություններ ռազմավարական ծրագրերի գծով, այդ թվում՝ տնտեսական, ռազմատեխնիկական, ներդրումային, հումանիտար եւ այլ ոլորտներում:

Վստահ եմ, որ ակտիվ, արդյունավետ քաղաքական երկխոսությունը եւ մեր պարբերական հանդիպումներն այսուհետ եւս կարեւոր դեր կխաղան հայ-ռուսական համագործակցության ամբողջ համալիրի դինամիկ զարգացման գործում ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային եւ տարածաշրջանային միավորումների շրջանակներում:

Եվրասիական տնտեսական միության արդյունավետ գործունեությունը, Անկախ պետությունների համագործակցության ադապտացիան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակարգի զարգացման ուղղությամբ համատեղ քայլերը որակապես նոր պայմաններ են ստեղծում դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության:

Ուրախ եմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում Ձեզ Հայաստանում ողջունելու առաջիկա հնարավորության համար:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն եւ նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: