Հայաստանի նոր Կառավարության նշանակումը ավելի շատ կիսամիջոցի է նման։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ խորհրդարանում ավանդական ճեպազրույցների ժամանակ, ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ դրա միակ նպատակը ժողովրդին հանգստացնելն է։ Սակայն նոր Կառավարության առաջին քայլերը ցույց են տալիս, որ այն պատրաստ չէ արմատական բարեփոխումների։ Վարչապետ Կարեն Կարապետյանն ինքն է խոստովանել, որ չգիտի, թե ինչպես երկրի ղեկավարման գործին ներգրավի փորձառու կառավարիչների։ «Եթե մարդը նման տեսլական չունի, նշանակում է, որ նա երկրի զարգացման երկարաժամկետ մարտավարություն չունի։ Ստացվում է, որ բարձրագույն ղեկավարությունը իշխանություն է բերել հմուտ ժամանակակից մենեջերների, որպեսզի ժողովրդի մոտ փոփոխությունների պատրանք ստեղծի։ Ընտրողներին այդպես իրենց կողմը տրամադրելը շատ կարեւոր է իշխանությունների համար 2017-ի գարնանը կայանալիք ընտրությունների շեմին»,– նշել է Փոստանջյանը։




























