Ոչ մի վատ բան չկա, եթե ՀՀԿ-ն երկրի երրորդ քաղաքում ընդդիմադիր դաշտ տեղափոխվի։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ, հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Վանաձորում քաղաքային իշխանության ընտրությունների արդյունքները։

Նրա խոսքով, ՀՀԿ-ի հնարավոր տեղափոխությունը ընդդիմադիր դաշտ կարելի է միայն ողջունել։ Եվ հիմա ընդդիմության համար եկել է ճշմարտության պահը։ Ընդդիմությունից ընտրված  ավագանու անամները բավարար ձայներ ունեն իրենց քաղաքապետին նշանակելու համար։ «Մենք միշտ էլ կողմ ենք արտահայտվել տարբեր ուժերին հակակշիռ ստեղծելուն։ Ժողովրդավարությունը հենց դա է։ Եվ մենք միշտ ողջունել ենք դա։ Այո, մենք ու ՀՀԿ-ն ավելի քիչ մանդատ ենք ստացել քաղաքային ներկայացուցչական մարմնում։ Եթե ընդդիմությունը կարողանա պայմանավորվել, դե ինչ, հոյակապ է»,- ասել է Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ներկայացող «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները 18 մանդատ են ստացել, իսկ ՀՀԿ-ն ու նրա հետ քաղաքական համաձայնագրով կապված ՀՅԴ-ն՝ ընդամենը 15։ 10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը կոչ է արել «Հայկական վերածննդին» ու «Բարգավաճ Հայաստանին» միավորել ուժերը ու օրենսդրության համաձայն նշանակել Վանաձորի նոր քաղաքապետ, ձեւավորելով տեղական իշխանությունը։ «Հայկական վերածնունդը» արդեն համաձայնել է։ Մնում է սպասել «Բարգավաճ Հայաստան»-ի որոշմանը։