«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեւանի ավագանու որոշմամբ նոր բնակարանների բանալիներ է հանձնել մի շարք ընտանիքները:

Մասնավորապես, բանալիներ են հանձնվել հետեւյալ անձանց ընտանիքներին.

-1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի,

-ՀՀ եւ ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին եւ ՀՀ սահմանների պաշտպանության, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի ընտանիքներին,

- ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եւ միջազգային չորս մրցույթի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եւ «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին,

- ութ անչափահաս երեխաներ ունեցող Արթուր Սաֆարյանի եւ Լուսինե Բակունցի ընտանիքին:

Անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ տրամադրվեց նաեւ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող եւս 4 ընտանիքի:

Հաշվի առնելով Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը, հայ ազգագրական ու հայրենասիրական երգերի ստեղծման եւ տարածման գործում ունեցած զգալի ավանդը, ինչպես նաեւ բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը՝ Երեւանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նաեւ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունուն: