Հայաստանի զինված ուժերի մարտական պլանով նախատեսված ժամանակացույցի համաձայն` զորամասերում ընթանում են ռազմական տեխնիկան եւ սպառազինությունը շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպվում են անհրաժեշտ միջոցառումներ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օրերս անցկացվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման ցուցադրական հավաք-պարապմունքներ:

Պարապմունքներին մասնակցել են գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա ստորաբաժանումների զինվորական տեխնիկայի ու սպառազինության սպասարկման ու շահագործման պատասխանատուներ, վարորդներ, հրետանային հաշվարկների անձնակազմեր:

Բացազատված ուսումնական կետերում իրականացվել են սպառազինության մանրակրկիտ ստուգման, մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ:

Անցկացված միջոցառման նպատակը սպաների, պայմանագրային եւ շարքային զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների բարձրացումը, ավտոմոբիլային տեխնիկայի եւ սպառազինության սեզոնային սպասարկման ունակությունների մասնագիտական կատարելագործումն էր: