Հայաստանից հումանիտար օգնությամբ շարասյունը ժամանել է Հալեպ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը եւ ՌԴ դեսպան Վոլինկինը հոկտեմբերի 5-ին Սիրիա են ճանապարհել հումանիտար օգնությամբ 2-րդ օդանավը։

Նշենք, որ մարդասիրական օգնությամբ բեռնված առաջին օդանավը Սիրիա է ուղարկվել հոկտեմբերի 3-ին: Բեռները մակագրված են եղել. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

Բացի այդ, հոկտեմբերի 6-ին կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի Հայաստանը 46 մլն դրամ (շուրջ 100 հազար դոլար) կհատկացնի Սիրիայի բնակիչներին մարդասիրական օգնության համար: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պարզաբանել է, որ գումարը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: