«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի հարազատներին, որոնց   ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո թույլ չէին  տալիս մուտք գործել նրա բնակարան, ՀՔԾ դիմում ներկայացնելուց հետո թույլ են տվել։ NEWS.am-ի հետ զրույցում «Սասնա ծռերի» անդամի քույրը՝ Աստղիկը, նշեց, որ եղբոր բնակարանում ոչ ոք չի բնակվում, սակայն, բնակարան մտնելու անհրաժեշտություն է առաջացել՝ անձնական իրեր վերցնելու եւ ՔԿՀ-ում գտնվող Վարդան Գերավետյանին ուղարկելու համար։

Նշենք, որ Վարդան Գերավետյանը Տերյան 23 շենքի բնակիչ է, որի բնակիչներին հարկադիր վտարում են։ Դատարանի որոշմամբ երկամսյա ժամկետում «Սասնա ծռերի» անդամը պետք է լքեր բնակարանը։

Վարդան Գերավետյանը ամուսնացած չէ, նա բնակվում էր մենակ։

Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարվում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ «Լոկալ դեվելոփերս» ընկերության, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը։ Վերջինը 2007-ից առ այսօր լինելով մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի  եւ Լալայանց  37 շենքի կառուցապատողը՝ դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:

Դատարանի որոշմամբ՝ երեք ընտանիք պետք է երկամսյա ժամկետում լքեն իրենց բնակարանները, որոնց մեջ է նաեւ Վարդան Գերավետյանը: Իրենց բնակարաններից զրկվելու վտանգի առաջ է կանգնած մոտ 22 ընտանիք: