ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ասօր՝ հոկտեմբերի 7-ին, ընդունել է «Աուտիզմ ազգային հիմնադրամի» տնօրենին, խորհրդի անդամներին եւ «Աուտիզմի հաղթահարումը» ծնողական կազմակերպության ներկայացուցիչներին: Նախարարը բարձր է գնահատել հիմնադրամի ծավալած գործունեությունը` շեշտելով, որ աուտիզմ ունեցող երեխաները մշտապես գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Խորհրդի նախագահը ներկայացրել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի գործունեությունը` նշելով, որ ներկայումս կենտրոն է հաճախում 117 երեխա, գրանցվածների հոսքը շատ մեծ է, ուստի անհրաժեշտություն է առաջացել մի քանի հավելյալ հաստիքի: Հիմնադրամում աշխատում է 51 աշխատակից: Նրա խոսքով` հիմնադրամը սպասարկում է նաեւ ՀՀ այլ մարզերից եւ Արցախից եկած երեխաներին:
Նշենք, որ 2012 թվականին Հայաստանում ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամը», որը կոչված է լուծել աուտիզմով երեխաների, պատանիների եւ մեծահասակների կրթության, սոցիալ-ադապտացիոն զբաղվածության խնդիրները, օգնել նրանց վարել լիարժեք կյանք, ինչպես նաեւ նպաստել նրանց ընտանիքների ինտեգրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Հայաստանում պետական ֆինանսավորումը թույլ է տվել 2014 թվականին հիմնել «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը, որտեղ արդի չափանիշներին համապատասխան շենքային պայմաններում, ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով եւ համապատասխան միջավայրում մատուցում են նորագույն արդյունավետ թերապեւտիկ շտկողական ծառայություններ:



























