Հայաստանն այժմ գտնվում է կապիտալի նախնական կուտակման փուլում. առանց այդ կուտակման ոչնչի հնարավոր չէ հասնել, եւ մարդկության պատմության մեջ էլ չեք գտնի մի դեպք, որտեղ «հեզաճկունները» կարողանան գործունեություն իրականացնել։ Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով օլիգարխիկ տնտեսության խնդիրներին։
«Դե ոչինչ, թող մի քիչ էլ օլիգարխիկ լինեն, ըմբռնումով մոտեցեք դրան։ Օլիգարխիայի դեմ պայքարում ենք այնքան, որքան կարողանում ենք պայքարել, բայց հավատացեք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մեծ գործեր են սկսում, խնդրում են իրենց առաջին միլիոնի մասին չհարցնել։ Ուզում եմ ասել, որ կապիտալի նախնական կուտակման փուլն աշխարհի շատ երկրներ արդեն անցել են, բայց կարծում եմ, որ Հայաստանում այդ գործընթացը բավական շքեղ է անցնում։ Այլ երկրներում այդ փուլի ժամանակ մորթել են իրար, իսկ Հայաստանում դա չկա։ Այն բոլոր մարդիկ, ովքեր կուտակում են, չաղանում են, ռիսկի են դիմում, իսկ իմ նման գրագետ մարդիկ գնում են վախվորած տանը նստում են։ Պահը, որ գալիս է նրանք, սակայն, սկսում են վախենալ, որ կկորցնեն իրենց կապիտալը։ Բայց դուք համբերությամբ լցվեք եւ սպասեք»,- խորհուրդ տվեց Բոստանջյանը՝ ավելացնելով, որ մոնոպոլիաների դեմ պայքարն, ամեն դեպքում, այնպիսին չէ, ինչպիսին ինքը պատկերացնում է։




























