«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, որին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից  հոկտեմբերի 6-ին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, գտնվում է մենախցում։ NEWS.am-ի հետ զրույցում Սեդրակ Նազարյանի հարազատներից տիկին Անահիտը նշեց, որ իրենց համար անակնկալ որոշում է  եղել առողջական վատ վիճակում գտնվող Սեդրակին ՔԿՀ տեղափոխելու մասին որոշումը։

«Փաստաբանների միջոցով ենք կարողացել հետը կապ հաստատել, ՔԿՀ-ում տեսակցել են նրան, ասացին, որ մենախցում է, առողջական վիճակն էլ նորմալ է։ Բայց պատրաստվում ենք բողոքարկել այս որոշումը, որովհետեւ Սեդրակն այն վիճակում չէր, որ «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխեին քրեակատարողական հիմնարկ»,-ասաց տիկին Անահիտը։

Ավելի վաղ Սեդրակ Նազարյանի  պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել եւ հայտնել, որ որոշում է կայացվել իրենց պաշտպանյալին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ եւ նման որոշման հիմք է հանդիսացել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության բժիշկների եզրակացությունը։ Նրանք նշել էին, որ նման ծանր հրազենային վնասվածք ստացած, վիրահատված, մինչ օրս բազմաթիվ գանգատներ ունեցող անձը պետք է պահվեր քաղաքացիական բժշկական հաստատությունում, բայց փոխարենը սովորական քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին որոշում է կայացվել։ Ուստի այս պահին այլ քրեակատարողական հիմնարկ նրա տեղափոխումը ոչ այլ ինչ է, քան անմարդկային վերաբերմունք։

Նշենք, որ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):