Գյումրիում ընտրություններին մասնակցած 46 հազար բնակչից 10 հազարի քվեարկությունը կասկածի տեղիք է տալիս։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։
Նրա խոսքով՝ Id–քարտերով քվեարկությունը կասկածելի է, քանի որ տեղում հաշվառումը քարտերի վրա նշված չէ, եւ դիտորդներին դժվար է պարզել, թե քվեարկողը տեղացի է, թե այլ քաղաքից։ Պատգամավորն անձամբ է տեսել, որ Գյումրիում քվեարկել է հարեւան Արթիկ քաղաքի բնակիչը, մեկ ուրիշն էլ թոռան փոխարեն է քվեարկել եւ այլ խախտումներ։ «Ցավոք, Ընտրական օրենսգրքում ոչ հստակ ձեւակերպումները թույլ են տալիս «Բալասանյան» բլոկին մեծամասնություն ստանալ՝ ավագանիում մեկական մանդատ վերցնելով մյուսներից։ Մանդատների բաշխման հստակ ֆորմուլաներ չկան, մենք այդ մասին խոսել ենք իրավաբանների հետ։ Իշխանություններն ուզում են օգտվել դրանից եւ «Բալասանյան» դաշինքի համար մյուս երեք ուժերից մեկական մանդատ խլել եւ նրան մեծամասնություն դարձնել՝ հնարավորություն տալով ընտրել քաղաքապետի»,– նշել է Շահգելդյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիում ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան» դաշինքը հավաքել է 34.75 տոկոս, ԲՀԿ–ն՝ 21.66 տոկոս, «Հայկական վերածնունդը»՝ 10.62 տոկոս, ԳԱԼԱ–ն՝ 10.47 տոկոս։




























