ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» ճիշտ քայլ են կատարել, որ որոշել են միավորվել Վանաձորի քաղաքապետի ընտրության հարցում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  ՀՀԿ- խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Վահրամ Բաղդասարյանը բացառում է, որ իշխանությունը կփորձի ազդել որեւէ ուժի  ավագանու անդամի վրա, որ ընտրի ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանին։ Նա հորդորեց մասնավորապես «Հայկական Վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորած Արկադի Փելեշյանի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքը չխառնել ընտրություններին. «Մեկը մյուսի հետ մի խառնեք․․․ զուտ ենթադրություններ են այդ լուրերը»։

Հարցին, թե արդյոք  վանաձորյան քաղաքական զարգացումներն իշխանության համար սպառնալից նախադեպ չեն ստեղծում՝ հաշվի առնելով, որ ընդդիմությունը չկաշկանդվեց միավորվել եւ հնարավոր է՝ հաղթանակ տոնի  ընտրության վերջին փուլում, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Եթե կհաղթի՝ կխոսենք, ենթադրություններով չեմ առաջնորդվում»։

Նշենք, որ Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ներկայացող «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները 18 մանդատ են ստացել, իսկ ՀՀԿ-ն ու իր դաշնակից ՀՅԴ-ն միասին՝ 15։ Նախօրեին ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդն» ու «Լուսավոր Հայաստանը» համաձայնության են եկել միավորվել եւ քաղաքապետ ընտրել «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանին:

Ըստ լուրերի՝ իշխանությունը հնարավոր է՝ ստիպի ՀՎԿ-ի ցուցակը գլխավարող Արկադի Փելեշյանին քվեարկել  ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, հակառակ դեպքում քրեական գործ կհարուցեն վերջինիս մասնակցությամբ ծեծի առնչությամբ: Նման ճնշում կարող է լինել նաեւ ավագանու այլ անդամների նկատմամբ:

Մեզ հասած տեղեկություններով, Վանաձորի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի ընտրությանը կլինեն ավագանու անդամներ, որոնք կլուսանկարեն իրենց քվեաթերթիկը, որ  կարողանան ապացուցել՝ ում օգտին են քվեարկել։