ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը չունի մշակած հստակ ծրագիր կամ հայեցակարգ` Թուրքիայի կողմից 1915 թվականին սկսված եւ մինչ օրս շարունակվող ցեղասպանությանը միջազգային իրավունքի տեսանկյունից արդարացի իրավական գնահատական տալու ուղղությամբ: Այդ մասին ասված է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
ՀՌԱԿ-ը, ուսումնասիրելով երեկ երեկոյան Շվեյցարիայի, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին նախարարությունների համատեղ հաղորդագրությունը՝ երկու պետությունների միջեւ ներքին քաղաքական խորհրդակցություններ սկսելու եւ դրա հիման վրա նախաստորագրված երկու արձանագրությունների շուրջ, իր անհամաձայնությունն է հայտնում «աշխարհասփյուռ հայության համար կարեւորագույն հայ-թուրքական հարաբերությունների „զարգացումները“ գաղտնի պայմաններում նախապատրաստելու եւ հերթական լրատվական „նյութ“ դարձնելու կապակցությամբ` որպես արդեն կայացած իրողություն»:
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը համոզված է, որ ՀՀ նախագահի կողմից նմանատիպ գործընթաց սկսելուց առաջ, հարկավոր է սկսել քննարկումներ` ներհայկական հասարակական, քաղաքական, վերլուծական, հանրային կարծիքն ուսումնասիրող կազմակերպությունների մասնակցությամբ, որի արդյունքում էլ հնարավորություն կստեղծվի մշակել հայ-թուրքական հարաբերություններին ուղղված, կյանքում կիրառելի ընդհանուր հայեցակարգ:
ՀՌԱԿ-ը նաեւ առաջարկում է Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի հայ-թուրքական հարաբերություններին ուղղված միջնորդական առաքելությանը զուգահեռ ՀՀ իշխանությունների կողմից սկսել գործընթաց` հայության հանդեպ Թուրքիայի կառավարությունների իրականացրած ցեղասպանության փաստերը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային դատարան ներկայացնելու ու իրավական գնահատական ստանալու ուղղությամբ:




























