Վրաստանում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խորհդարանական ընտրություններում, Ջավախքի Ախալքալաք եւ Նինոծմինդա հայաբնակ շրջաններից մասնակցում է 8 մեծամասնական կարգով առաջադրված թեկնածու։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի Ախալքալաք եւ Նինոծմինդա շրջաններից կազմվել է մեկ միամանդատ ընտրատարածք, եւ ընտրվելու է միայն մեկ հայ պատգամավոր։

Ախալքալաքի եւ Նինոծմինդայի ընտրատարածքում խորհրդարան անցնելու համար պայքարում է 8 մեծամասնական թեկնածու՝ Արմենակ Փոլորչյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է «Ազգային ֆորում» կուսակցության կողմից, նախաձեռնող խմբի կողմից մեծամասնական կարգով առաջադրվել են թեկնածուներ՝ Ռոբերտ Ջաղացպանյանն ու Արտաշես Պալանջյանը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Արսեն Կարապետյանը,  «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության կողմից՝ Հենզել Մկոյանը, «Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի հայրենասերների դաշինքը, միացյալ ընդդիմություն» բլոկի կողմից՝ Մերուժան Կարախանյանը եւ Հանրապետական կուսակցությունից՝ Աշոտ Սահարյանը եւ Շաքրո Այվազյանը՝ «Պաատա Բուրճուլաձեի – Պետությունը Ժողովրդի համար» բլոկից:

Ախալքալաքի շրջանում խորհրդարանական ընտրություններին, բացառությամբ 17 գյուղերի, որոնք քվեարկելու են Բորժոմի մեծամասնական ընտրատարածքում, ձևավորվել է 53 ընտրատեղամաս, որոնցից 7-ը՝ Ախալքալաքում, մնացածը ՝ Նինոծմինդայի շրջանում են:

Նշենք, որ այն քաղաքական կուսակցությունը կամ ընտրական դաշինքը, որն ընտրություններում ամենաբարձր արդյունքները գրանցի, վարչապետի թեկնածու ներկայացնելու իրավունք կստանա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են, խորհրդարանի 77 պատգամավորներ ընտրվելու են համամասնական համակարգով (կուսակցական ցուցակներով), իսկ 73-ը՝ մեծամասնական (միամանդատ օկրուգներով)։ Հիմնական պայքարը ծավալվել է վերջին չորս տարիներին իշխող «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» կոալիցիայի ու նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու  (հիմա Ուկրաինայում զբաղեցնում է Օդեսսայի նահանգապետի պաշտոնը, հայրենիքում նրան սպառնում է կալանք՝ հարուցված քրեական գործի շրջանակում) «Միասնական ազգային շարժման» միջեւ։