«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերթական բարեգործությունն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ համակարգիչներ տրամադրելով կրթական հաստատություններին:
«Գազպրոմ Արմենիա»-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության հետ համատեղ մշակվեց ծրագիր, որի շրջանակում 20 կրթական հաստատություններ, այդ թվում՝ չորս մանկապատանեկան եւ շախմատի մարզադպրոցներ ստացան համակարգիչներ եւ համապատասխան պարագաներ:
Իսկ Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում բացվեց համակարգչային դասարան, որի համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տրամադրեց 11 համակարգիչ: Խորհրդանշական է, որ դասարանի բացումը համընկավ ոսուցիչների մասնագիտական տոնի հետ:Դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանի խոսքով, «Գազպրոմ Արմենիա»-ի շնորհիվ կրկնապատկվեց բոլոր ուսուցիչների տոնականտրամադրությունը եւ սա իսկապես մեծ նվեր է Ոսուցչի օրվա առթիվ:
Համակարգչային դասարան է բացվելու նաեւ ԼՂՀ Քաշաթաղի Գողթանիկ համայնքի միջնակարգ դպրոցում:
Ինչպես նշեցին ԼՂՀ կրթական ոլորտի պատասխանատուները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ այս նախաձեռնությունը շատ անհրաժեշտ է եւ կարեւոր է կրթական հաստատությունների համար, քանի որ այսօր ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը առանցքային դերակատարություն ունի ուսուցման գործընթացում:
«Այս տարի մենք նվեր ստացանք «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, որը մեծ պատրաստակամությամբ տրամադրեց համակարգիչներ, որոնցով կհամալրվի դպրոցների նյութատեխնիկական բազան: Շատ կարեւոր է, որ համակարգիչներ եւ համապատասխան պարագաներ ստացան ոչ միայն Ստեփանակերտի ուսումնական հաստատությունները, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղական համայնքների դպրոցներ», - նշեց ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը, 2001 թվականից սկսած իրականացնում է սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են կրթական, մշակութային եւ մարզական ոլորտների աջակցությանը:

































