Բեռնատար տրամադրելու միջոցով «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող 69-ամյա Խաչատուր Գիչյանի առողջական վիճակը կրկին վատացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա որդին՝ Արմեն Գիչյանը:
«Երեկ եմ խոսել հետը, ասաց՝ ճնշման խնդիր ունի, ոտքերը ուռել են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Գիչյանի ինքնազգացողությունը դատական նիստերից մեկի ժամանակ վատացել էր, նա մի քանի օր անցկացրեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ապա տեղափոխվեց կալանավայր: Նա նախկինում սրտի կաթված է տարել:
Գիչյանը Վրաստանի քաղաքացի է: Նա ցուցմունք էր տվել, որ երբ իմացել է, թե ինչ նպատակի է ծառայելու իր մեքենան, այն չի տվել «Սասնա ծռեր» խմբի տղաներին, որոնք մի քանի անգամ եկել են իր տուն, ուսումնասիրել բեռնատարը: Նա ասել է, որ մերժելուց հետո սպառնացել են ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնել, ինչից հետո ստիպված է եղել բեռնատարը տրամադրել նրանց: Ավելի ուշ փաստաբանն ասել էր, որ Գիչյանը փոխել է նախնական ցուցմունքը:




























