Կոմերցիոն պրոյեկտներով զբաղվող ցանկացած անիմացիոն ստուդիայի համար «Օսկարը» գերագույն նպատակներից է, ասում է Touch FX անիմացիոն ստուդիայի տեխնիկական բաժնի տնօրեն Վարդան Կարապետյանը: Նա հավատում է, որ կգա մի օր, երբ հայ անիմատորները Օսկարի կհավակնեն, բայց դրա համար դեռ շատ աշխատանք կա անելու։
Անիմացիոն ստուդիայում աշխատող մարդուն հանդիպելիս երկու հարց ես ուզում տալ. «Ինչպե՞ս եք նկարում մուլտֆիլմեր» եւ «Երեւի շատ զվարճալի աշխատանք է անիմացիոն մուլտեր նկարելը»: Touch FX ստուդիայում մեկ ժամ անցկացնելուց հետո երկրորդ հարցին կարելի է պատասխանել. ոչ պրոցեսը ժամանակատար է, մասնագիտական եւ ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում:
Մուլտիպլիկացիան փոփոխվող պատկերների վիզուալ շարքի ստեղծումն է: Կախված տեխնոլոգիայից՝ այն կարող է լինել ձեռքով նկարված, տիկնիկային եւ համակարգչային, երբ պատկերները գեներացվում են համակարգչային գրաֆիկայի միջոցով:
Ինչպե՞ս է ստեղծվում մուլտֆիլմը: Իհարկե՝ գաղափարից: Պրոդյուսերի կողմից խնդիր է դրվում պատրաստել նախնական նյութեր: Սցենարիստը սկսում է աշխատել պատմության վրա, իսկ art-տնօրենը եւ նկարիչը՝ վիզուալ լուծումների վրա:
Մուլտիպլիկացիան առհասարակ դրված խնդրի իրականացման ճանապարհների փնտրտուք է: Այսպես են ծնվում նորարարությունները: Հիշու՞մ եք Disney ստուդիայի «101 դալմաթին» մուլտֆիլմը: Այն ստեղծելու համար օգտագործվել էր սեւ-սպիտակ կրկնօրինակման տեխնոլոգիան: Նույնը կիրառվում է եռաչափ անիմացիայի դեպքում: Ժամանակին համակարգչով գեներացված պատկերները ոլորտի մասնագետների կողմից լուրջ չէին ընկալվում։ Մինչեւ այն պահը, երբ Ջոն Լեսսետերը (Pixar ստուդիայի ներկայիս ղեկավարը) դիտարկեց այն որպես ստեղծագործական գաղափարների իրագործման գործիք: Դասական մուլտիպլիկացիայի սկզբունքների եւ նորագույն տեխնոլոգիաների սինթեզից ծնվեց առաջին լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը՝ «Toy story»-ն:
Touch FX ստուդիայում իրականացնում են լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ ստեղծելու գրեթե բոլոր փուլերը՝ սցենարից մինչեւ անիմացիա:
Համակարգչային մուլտիպլիկացիայում յուրաքանչյուր կադրում գոյություն ունեցող ամեն ինչ նախ պետք է ունենա եռաչափ մոդել, այսինքն մոդելավորվի եւ իրականացվի:
Անիմացիոն ստուդիայի աշխատանքը նման է կոնվեյերի. «արտադրությունը» սկսվում է սցենարը գրելուց, ֆիլմի վիզուալիզացումից եւ վերջանում անիմացիայով:
Անիմացիայի խնդիրը Touch FX-ում լուծել են Motion Capture կամ մոքափ տեխնոլոգիայի միջոցով: «Մոքափի շնորհիվ մենք կարողանում ենք անիմատորների թիվը մոտ 30-ով կրճատել», -ասում է Վարդան Կարապետյանը: Եթե կարճ նկարագրենք, ապա մոքափ տեխնոլոգիայում օգտագործվում են լուսաանդրադարձող մարկերներով հատուկ կոստյում հագած դերասանի շարժումները: «Մատանիների Տիրակալը» եռագրության Գոլլումը, Հարրի Փոթերի շատ պերսոնաժներ ստեղծված են հենց այդ տեխնոլոգիայի միջոցով:
Հայկական անիմացիայի ապագայի մասին խոսելիս Վարդան Կարապետյանը լավատեսորեն է տրամադրված՝ չնայած առկա խնդիրներին: Նրա կարծիքով, պրոցեսն արդեն իսկ սկսվել է, տեղի է ունենում սերնդափոխություն, ինչը շատ կարեւոր է այս ոլորտում:
Touch FX ստուդիան իր գոյության 10 տարիների ընթացքում նկարահանել է երեք լիամետրաժ մուլտֆիլմ, որոնք են բոլորիս հայտնի «Кукарача», «От Винта» եւ վերջերս թողարկված «Бoгатырша»-ն:Պրոյեկտները իրականացվել են Paradise ընկերության հետ համատեղ:





























