Oculus Connect 3 կոնֆերանսի շրջանակներում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ սոցցանցին պատկանող Oculus VR ընկերությունը ներկայացրել են VR-տարածության նոր հնարավորությունները՝ Social VR-ի օգտատերերի համար:
Social VR տեխնոլոգիաները թույլ են տալիս Oculus Rift սաղավարտների տերերին երկրագնդի ցանկացած կետ ընտրելով՝ բացահայտել այն 360-աստիճան վիդեոների միջոցով եւ ընկերների հետ միասին ճանապարհորդել: «Վիրտուալ ճանապարհորդության» մասնակիցները ներկայանում են ավատարների տեսքով, որոնք նրանց արտաքինի ամենամանրամասն կրկնօրինակներն են:
Ցուցադրության ժամանակ Ցուկերբերգն ու նրա գործընկերները ներկայացրել են, թե ինչպես վիրտուալ տարածության մեջ մարդիկ կարող են միասին շախմատ կամ թղթախաղ խաղալ, ինչպես նաեւ սուսերամարտել՝ նախապես սուսերներ «նկարելով»: Օգտատերերը կկարողանան նաեւ VR-սելֆիներ անել, որոնք հետո կարող են ներբեռնել Facebook:
Բացի դրանից օգտատերերը հնարավորություն կունենան արտահայտել զգացմունքներ Oculus Touch կոնտրոլլերի միջոցով:
Oculus VR–ը խոստանում է նաեւ, որ ապահովելու է Social VR-ին չմիացված օգտատերերին սեփական պատկերներով կիսվելու հնարավորությամբ՝ Facebook Messenger-ի վիդեոզանգերի միջոցով:
Ցուցադրման ժամանակ Ցուկերբերգը կապվեց իր կնոջ՝ Պրիսցիլլա Չանի հետ՝ նրան ցույց տալով իր եւ գործընկերների ավատարները:




























