Անկարան Մոսկվայի հետ բանակցություններ է վարում՝ ավելի վաղ ներդրված վիզային սահմանափակումներն արագորեն չեղարկելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

«Ինչպես գիտեք՝ մինչ ճգնաժամը մեր պետությունների քաղաքացիները կարող էին ճամփորդել առանց վիզայի անհրաժեշտության: Առանց վիզայի հարաբերություններն օգտակար են ե՛ւ տուրիզմի, ե՛ւ առեւտրի, ե՛ւ ընդհանուր առմամբ մեր երկրների համար: Անկասկած, մենք շարունակում ենք շփումները՝ առանց վիզայի հարաբերությունները վերադարձնելու համար»,- նշել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ «վիզայի կրկնակի չեղարկման հարցը կլուծվի խելամիտ ժամկետներում»: