Այսօր իշխանություններին անհրաժեշտ են իրենց կենսագրությամբ ավելի դրական ընկալումով մարդիկ: NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսպես արձագանքեց բարձրաստիճան հանրապետականների պաշտոնանկությունների վերաբերյալ մեր հարցին:

Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ այս պահին իշխանության համար էական չէ պաշտոնանկ եղած, ընտրություններում քվե բերող ռեսուրսը կաշխատի նույն եռանդով ինչպես նախկինում, թե ոչ: Ասաց` եթե ընտրությունների ժամանակ չաշխատեն, կստացվի, որ միայն պաշտոնների համար էին ձայն բերում, ոչ թե կուսակցության:

Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ Գագիկ Բեգլարյանը, Հովիկ Աբրահամյանը, Սուրիկ Խաչատրյանը եւ մնացածը, պաշտոններից զրկվելով, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին չեն աշխատի նախկին եռանդով ՀՀԿ-ի օգտին, պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել` 100 տոկոսով ինչպես կլինի, բայց ընտրությունների ժամանակ կերեւա` ով է տվյալ մարդը: Եթե մարդը պաշտոնից դուրս է գալիս ու դառնում կուսակցության թշնամին, հակառակորդը, չի պաշտպանում, ուրեմն պաշտոնի խաթր էր կուսակցությունում: Ես կարծում եմ, որ նրանց մեծ մասը մնալու է Հանրապետական կուսակցությունում, համենայնդեպս հաշվի չի առնվում` կաշխատեն, թե չեն աշխատի: Այսօր մեզ պետք չի վարչական լծակներով ձայն բերել: Էսօր վարչապետը գործում է… Հո վարչապետը հենց էնպես չի անում ամեն ինչ, բնականաբար, նախագահի հետ համաձայնեցված է աշխատում»:

Լեռնիկ ԱԼեքսանյանը շեշտեց, որ այսօր իշխանությանն անհրաժեշտ է այնպիսի որակի պաշտոնյաներ, որոնք կկարողանան նոր փոփոխություններին իրենց մտավոր կարողություններով ավելի ակտիվ մասնակից լինել:

«Համենայն դեպս, էսօր էն ժամանակն է, որ անհրաժեշտ են էն տիպի մարդիկ, որոնք այս նոր փոփոխություններին ավելի ակտիվ պետք է մասնակցեն իրենց մտավոր կարողություններով, հմտություններով եւ ինչու ոչ, հասարակության մեջ իրենց կենսագրությամբ ավելի դրական ընկալումով մարդիկ են մեզ պետք: Կարեւորը ոչ այնքան հմտությունն է, որքան հասարակության մեջ այդ հավատը վստահությունը իշխանությունների, քաղաքական ուժերի, ճակատագրեր որոշողների նկատմամբ լինի»,-ասաց պատգամավորը: