«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 8-ի կեսօրին քաղաքապետարանի դիմաց հավաքվել էին Երեւանի ապագա տերերը։ Մանուկները, կարելի է ասել, «Երեւան՝ արեւի քաղաք» կարգախոսը դարձրին իրական՝ մայրաքաղաքը զարդարելով արեւի, ծաղիկների, հայկական դրոշի, խաղաղության աղավնիների պատկերներով։

«Երեւանը դարեր է անցել, եւ մենք պետք է հպարտանանք նրանով»,- նշում էին տոնին ներկա մանուկները։

10-12 տարեկան երեխաները չէին մոռացել նաեւ Արցախի եւ Հայոց ցեղասպանության մասին։ Նրանք նաեւ պատկերել էին Արցախի դրոշն ու Արարատ լեռ, որի լանջին հայտնվել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը։

Իսկ երբ երեխաներին շնորհավորելու եկավ Տարոն Մարգարյանը, նրանք բոլորը սկսեցին լուսանկարվել քաղաքապետի հետ։

«Երեխեք, մենք հայտնի դարձանք»,- լուսանկարվելուց հետո ուրախ զրուցում էին երեխաները։