Արթիկի նորընտիր քաղաքապետ Մխիթար Վարագյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ Արթիկում երեկոյան հաղթել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի տարածքային կառույցի պաշտպանյալ Մուշեղ Պետոյանը, իսկ առավոտյան` ինքը, ասաց որ մի երկու ընտրատեղամասի տվյալներով էին այդպիսի կարծիք կազմել:
Վարագյանը նշեց, որ իր հաղթանակը մեկ բան էր նշանակում, որ նախկին ԲՀԿ-ականին սատարելու վերաբերյալ հայտարարություն չի եղել, ամեն դեպքում, ինքը նման բան չի լսել, Հանրապետական կուսակցությունը իր օգտին է աշխատել:
«Այո, եւ ժողովուրդը աշխատեց իմ օգտին, իր ձայնը ինձ տվեց: Իմ եղբայրը տարիներ առաջ քաղաքապետ է աշխատել եւ շատ լավ է աշխատել, ժողովուրդն էլ ինձ ընտրեց` իմանալով, որ ես էլ շատ լավ կաշխատեմ»:
Ասաց, որ դեռ չի ուսումնասիրել, թե իր նախորդից համայնքային ինչ խնդիրներ է ժառանգել, բայց նշեց, որ իր ընկերներին, եղբորը եւ ծանոթ գործարարներին դիմել է, որ իրեն աջակցեն Արթիկի խնդիրները լուծելու հարցում, միայն պետբյուջեի հույսին չի մնալու:
«Խնդրել եմ եղբորս կարի ֆաբրիկա են հիմնելու, աշխատատեղեր եմ բացելու, ուրիշ ընկերների եմ խնդրել, տիկին Հովնանյանին եմ խնդրել մանկապարտեզների վերանորգման հարցում: Կաշխատենք ֆաբրիկան մինչեւ մայիս բացենք, մոտ 400 աշխատատեղ է լինելու»,-ասաց նա:
Նշենք, որ Վարագյանի եղբայրը արտերկրում գործարար է: Մյուս եղբայրը նախկինում Արթիկի քաղաքապետն էր: Ինքը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է: Վարագյանները եւ Մուշեղ Պետոյանը քաղաքապետի ու խորհրդարանական ընտրությունների վաղեմի հակառակորդներ են: Մշտապես միմյանց հետ մրցակության մեջ են եղել: Համզոմունք կար, որ Պետոյանը կընտրվի Արթիկում, քանի որ նրան սատարում էր տեղի ՀՀԿ տարածքային կառույցը, մինչդեռ հաղթեց Մխիթար Վարագյանը:




























