Երեւանում, Նկարիչների միության 2րդ հարկում մեկնարկել է Augumented & Virtual Reality Showcase ցուցանահեսը, որի կազմակերպիչն է հայկական Arloopa ընկերությունը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը, ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել «ապագայի» տեխնոլոգիաները որպես ժամանակակից բիզնեսի եւ կենսակերպի անբաժանելի մաս:
Ընկերությունը այցելուների համար պատրաստել է բիզնեսի լուծումների, զանազան ոլորտների կիրառական եւ ժամանցային բովանդակալից ցուցադրություններ: Ցուցասրահը բաժանված է մի քանի թեմատիկ գոտիների, որտեղ մասնագետները ներկայացնում են ընկերության կողմից մշակված նորարարական լուծումներ:
Հատկապես հետաքրքրական են ինտերակտիվ գոտիները, ուր տրամադրվում են աշխարհի առաջատար ընկերությունների սաղավարտներ, տեսողական ու խաղային բազմապիսի սարքեր՝ Samsung GearVR, Oculus Rift DK3, HTC Vive ողջ լրակազմը, Merge, IdeaLens, Baofeng Mojing, ARLOOPA Cardboard, Kinect V2 AR եւ VR լուծումները փորձարկելու եւ վիրտուալ միջավայր ընկղմվելու համար:
Augumented & Virtual Reality Showcase ցուցահանդեսը, ուր բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ վիրտուալ եւ լրացված իրականության տեխնոլոգիաների կիրառություներին՝ բիզնեսից մինչեւ VR խաղեր, կաշխատի նաեւ վաղը, հոկտեմբերի 9-ին։ Մուտքն ազատ է:




























