«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը հանդես է եկել սիրիահայերին Հայաստան տեղափոխելու նախաձեռնությամբ։
«Հետեւելով Սիրիայում` մասնավորապես Հալեպում, շարունակվող բռնությանը` մենք պարտավորություն ենք զգում ֆինանսական աջակցություն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: Այդ նպատակով մենք պատրաստ ենք միավորել ջանքերը աշխարհի տարբեր մասերում գործող այլ կազմակերպությունների եւ անհատների հետ: Պետք է գործել հենց հիմա: Ցավում ենք եւ մտահոգված ենք ռազմական գոտում գտնվող մարդկանց համար: Նույնիսկ նրանք, ովքեր մարտական գործողությունների վերջին տարիների ընթացքում մնացել էին այնտեղ, այժմ ապահով ապաստան են փնտրում: Մենք պարտավոր ենք օգնել նրանց»,- ասվում է հայտարարության մեջ։
Այս հարցում IdeA-ին միացել են մի քանի մասնավոր հիմնադրամներ. «Մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ, որպեսզի համոզված լինենք, որ Հայաստան ժամանողները կստանան անհրաժեշտ հիմնական պետական աջակցություն, որպեսզի կարողանան օրինական ապաստան հայցել Հայաստանում: Ցեղասպանությանը հաջորդող տարիներին հալեպահայերն էին հայությանն առաջինը փրկության ձեռք մեկնողները: Այսօր նրանք ունեն այդ փրկության կարիքը»:




























