Ախալքալաքի ընտրական շրջանում ընտրություններն ընթանում են առանց միջադեպերի, սակայն քվեարկողների մասնակցությունը ցածր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը:

Նրան հասած տեղեկություններով՝ ընտրատեղամասերում շատ հանգիստ է: «Որեւէ միջադեպի մասին ահազանգ ես չեմ ստացել»,- նշել է նա:

Նրա ունեցած տեղեկություններով՝ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը շրջանում մեծ չէ: Որոշ տեղամասերում օրվա վերջին քվեարկել էր 600, իսկ որոշներում՝ 200 մարդ: «Իհարկե, երեկոյան ընտրողների թիվն աճեց: Առավոտյան քիչ էին գալիս, ցերեկը՝ նույնպես: Մարդիկ աշխատում էին դաշտում: Իսկ երեկոյան սկսեցին գալ»,- պարզաբանել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են, խորհրդարանի 77 պատգամավորներ ընտրվելու են համամասնական համակարգով (կուսակցական ցուցակներով), իսկ 73-ը՝ մեծամասնական (միամանդատ օկրուգներով)։ Հիմնական պայքարը ծավալվել է վերջին չորս տարիներին իշխող «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» կոալիցիայի ու նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլի     (հիմա Ուկրաինայում զբաղեցնում է Օդեսսայի նահանգապետի պաշտոնը, հայրենիքում նրան սպառնում է կալանք՝ հարուցված քրեական գործի շրջանակում) «Միասնական ազգային շարժման» միջեւ։