Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեների 50,41 տոկոը հաշվարկելուց հետո իշխող «Վրացական երազանք-Ժողովրդրդավարական Վրաստան» կուսակցությունը ստացել է 50,56 տոկոս ձայն, իսկ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 26,51 տոկոս, հաղորդում է Sputnik-Վրաստանը-ը։

5 տոկոսանոց շեմը հաղթահարելուն շատ մոտ է «Դավիդ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի – Վրաստանի հայրենասերների ալյանս, միացյալ ընդդիմություն» բլոկը, որն ստացել է 4,8 տոկոս ձայն։ Շանսեր ունի նաեւ «Պաատա Բուրչալաձե-պետություն հանուն ժողովրդի» բլոկը՝ 3,73 տոկոս։ «Իրակլի Ալասանիա-ազատդեմոկրատներ» կուսակցությունն ստացել է 3,27 տոկոս ձայն, իսկ Լեյբորիստական կուսակցությունը՝ 2,99 տոկոս ձայն։ Մնացած կուսակցություններն ու դաշինքները մեկ տոկոսից էլ քիչ ձայն են ստացել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել։ Երկրի խորհրդարանում 100 պատգամավորներ պետք է ընտրվեն համամասնական ցուցակներով, իսկ 50-ը՝ մեծամասնական ընտրակարգով։