Գյումրիում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կայացել է թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստը, որտեղ որոշում կայացվեց, որ հոկտեմբերի 2-ին կայացած Գյումրիի քաղաքային ընտրություններում «Բալասանյան» դաշինքն ստանում է Գյումրիի ավագանու 33 տեղերից 17-ը՝ բացարձակ մեծամասնություն։

Նշենք, որ ԸԸՀ նիստը սկսվել է մեկ ժամ ուշացումով, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ, վստահված անձինք եւ ավագանու թեկնածուներ հավաքվել էին եւ հանձնաժողովի անդամներից պահանջում էին արդարացի բաշխել մանդատները, մանդատներ չնվիրել «Բալասանյան» դաշինքին կամ հրաժարական տալ։

Ի վերջո, հաջողվել է գումարել թիվ 34 ԸԸՀ նիստը, որտեղ հանձնաժողովի րոշում է կայացվել, ըստ որի «Բալասանյան» դաշինքն ստանում է 17 մանդատ, ԲՀԿ-ն՝ 8 մանդատ, «Հայկական վերածնունդը» եւ ԳԱԼԱ-ն՝ 4-ական մանդատ։

Հանձնաժողովի որոշումը հրապարակելուց հետո շենքի ներսում գտնվողները Սամվել Բալասանյանին անվանել են «մանդատի գող», իսկ ԸԸՀ անդամներին՝ «Մուկուչյանի ստրուկներ»։

Այդ որոշումից հետո ԲՀԿ-ի, ԳԱԼԱ-ի եւ «Հայկական վերածնունդի» ներկայացուցիչները գրություն են կազմել, որով պահանջում են ԸԸՀ-ից կազմակերպել պատշաճ քվեարկություն եւ վերջում բարձրաձայն հայտարարել քվեարկության արդյունքները։

Գյումրիի ավագանու մանդատի հավակնող ընդդիմադիր 3 ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) ու ԳԱԼԱ կուսակցությունները պնդում են, որ իրենք մեծամասնություն են, իրենց ստացած քվեներով՝ 18 մանդատ ունեն, իսկ իշխանական «Բալասանյան դաշինք»-ը 15:

ԳԱԼԱ-ի ավագանու ցուցակում ընդգրկված Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարել է, որ այս պահից գործում է երեք օր առաջ երեք կուսակցությունների տարածած հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «մանդատների ապօրինի բաշխման դեպքում մեր ցուցակներով ավագանու անդամ հայտարարված անձինք բոյկոտելու են ավագանու բոլոր նիստերը՝ մինչև դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը։ Նրանք չեն մասնակցելու ավագանու նիստ կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձևավորվելու է Տիգրան Մուկուչյանի անօրինական հրահանգներով»։

Վերջում Լեւոն Բաղդասարյանը մեկական վրձին է նվիրել հանձնաժողովի անդամներին, ասելով, որ մի վրձին էլ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է ստանալու։

Նշենք, որ ըստ օրենսդրության, Գյումրիի ավագանու մանդատների կեսից ավելին ստանալու դեպքում տվյալ կուսակցության կամ դաշինքի ցուցակը գլխավորողը դառնում է քաղաքապետ։ Այս դեպքում քաղաքապետը կլինի Սամվել Բալասանյանը։

Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ ըստ օրենսդրության, եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների 40 տոկոսից ավելին, իսկ 15 մանդատը տվյալ դեպքում 40 տոկոսից ավելին է, ապա նրան տրվում է բոնուս եւ նրա մանդատների թիվը պետք է անցնի 50 տոկոսից։ 

Այս առնչությամբ Լեւոն Բարսեղյանը հայտարարել էր, որ եթե «Բալասանյան» դաշինքին տրվում է բոնուս եւ նրա մանդատների թիվը 15-ից դառնում է 17, ապա ո՞ր կուսակցության մանդատներից են վերցնում այդ երկու մանդատը։ 

Հոկտեմբերի 10-ին կգումարվի ավագանու նիստ, որի ժամանակ փակ-գաղտնի քվեարկությամբ կընտրվի Գյումրիի քաղաքապետ: