Վրաստանի ներկայիս խորհրդարանական ընտրությունները ավելի թափանցիկ էին, քան նախորդները: Այս մասին NEWS.am-ին ասել է «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
Կազմակերպությունը ընտրությունների ընթացքին հետեւել է հայկական հոծ բնակչությամբ Ջավախքում եւ մի շարք խախտումներ է գրանցել: Բայց դրանք ծայրահեղ բնույթ չունեն, ընդգծել է Ստեփանյանը:
«89 ընտրատեղամասերից 2-ում մենք կպահանջենք քվեարկության արդյունքների չեղարկում: Մենք 20 բողոք ունենք՝ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամներին վարչական պատժի ենթարկելու պահանջով: Ընթացակարգային խախտումների վերաբերյալ 30 նշում ենք կատարել մատյաններում: Այդուհանդերձ, այս ընտրություններն ավելի թափանցիկ էին, քան նախորդները: Առկա է առաջընթաց, չեմ ասի՝ յոթ մղոնանոց քայլերով, բայց քաղաքական մրցակցությունն ակնհայտ է: Եվ որքան այն ուժեղ լինի, այնքան ավելի մեծ թվով ընտրողներ ոչ թե պարզապես կնշեն որեւէ համարի անվան դիմաց, այլ կգնահատեն թեկնածուի ծրագիրը եւ կատարած աշխատանքը»,- հայտարարել է Ստեփանյանը:




























