ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կայացավ հոկտեմբերի 1-8-ը: 14-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում էր «Իրականացրու երազանքդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հետ» խորագիրը եւ հյուրընկալել էր 20 երկրից ժամանած 250 մասնակիցների եւ հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իսրայելից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ այլ երկրներից։

Երեւանյան 12 բեմահարթակներում ցուցադրվել է ավելի քան 50 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաեւ բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի հյուրերը անցկացրեցին վարպետության դասընթացներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից էին աշխարհահռչակ «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» (Ուզբեկստան), «Նեբոլշոյ Դրամատիկական Թատրոն»-ի «Կարամազով եղբայրներ» (Սանկտ Պետերբուրգ), Մաքսիմ Գորկու թատրոնի «Հոգիների աճուրդը» /բեմադրիչ՝ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյան/ (Գերմանիա) ներկայացումները:

Երեւանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես եկան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» եւ «Միհր» թատրոնները եւ այլն:

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվեց «Ժամանակակից թատրոնը» թեմայով միջազգային գիտաժողով՝ ԵԹԿՊ-ի հետ համատեղ:

Նշենք, որ միջազգային ձեւաչափով գիտաժողով ԵԹԿՊԻ-ում տեղի էր ունենում առաջին անգամ, որը եւ իր ողջույնի խոսքում կարեւորեց բուհի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը: Նա առանձնահատուկ անդրադարձավ «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի համագործակցությանը, ողջունեց գիտաժողովի մասնակիցներին, հյուրերին, ներկաներին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ով նշանակալի համարեց նմանատիպ գործունեությունը:

Տերպսիխորայի երկրպագուների համար անակնկալ էր սպասվում. անցկացվեց լեհական ծրագիր: Այն կրում էր «Ժամանակակից պարի հարթակ» խորագիրը. Ցուցադրվել է 3 պարային ներկայացում («Սենյակ 40», «Գործողություններ (Acts)», «Չպատմված պատմություններ»):

Այս ծրագիրը նպատակ ունի ներկայացնել ժամանակակից պարն ու պարարվեստը՝ ստեղծված լավագույն լեհ արտիստների, ուսուցիչների եւ մասնագետների կողմից, որոնց համախմբում է Լեհական պարահարթակ 2014-ը: Այն լի է պարային ներկայացումներով, սեմինարներով, հանդիպումներով եւ քննարկումներով, որոնք տեղակայված են Արեւելյան ընկերակցության երկրների 4 մայրաքաղաքներում`Մինսկում, Կիեւում, Թբիլիսիում եւ Երեւանում: Նախագիծն իրականացվում է տեղի փորձառու մշակույթի գործիչների հետ համագործակցությամբ եւ Լյուբլինում կայացած Լեհական պարահարթակ 2014-ին սկիզբ առած համագործակցության շարունակությունն է: Այն նպատակ ունի կառուցել փորձի փոխանակման հարթակ Լեհաստանի եւ Արեւելյան ընկերակցության երկրների տարբեր պարային բեմերի միջեւ:

Ծրագրի առաքելությունն է վերականգնել եւ ուժեղացնել Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի ժամանակակից պարի ընդհանուր պատմական դիսկուրսի ընկալումը, որը ոչ միայն պետք է հետեւի միջազգային տենդենցներին, այլ նաեւ հզորացնի տեղական մշակույթները եւ աջակցի երկրներին փորձի փոխանակման միջոցով պայքարել պարարվեստի զարգացմանը խոչընդոտող քաղաքական եւ տնտեսական խնդիրների դեմ:

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):