Եթե Վանաձորում ընդդիմադիր քաղաքական ուժերը համաձայնագիր են ստորագրել քաղաքապետի նույն թեկնածուին սատարելու մասին, պետք է համախմբվածություն ցուցաբերեն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 9-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը:

«Քաղաքական դաշտի կայացման համար պետք է համախմբվածություն: 18-ը առանձին մանդատներ են, որեւէ մանդատ վերցնող չի պատկերացրել, որ պետք է միավորվեն, յուրաքանչյուրն իր կուսակցության  համար է ձայներ հավաքել: Որեւէ մեկը տեղյակ չի եղել, որ պետք է համախմբվեն, ուրիշ կուսակցության տա իր ձայնը»,- ասաց նա` նշելով, որ ավագանիները իրենց կարծիքը կհայտնեն:

Ինչպիսին կլինի ելքը` Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ կարծիք հայտնել` նշելով, որ ժամանակից շուտ ենթադրություններ անել չի ուզում:

Նշենք, որ Վանաձորի քաղաքային ընտրություններում «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները րոշել են հանդես գալ համատեղ եւ քաղաքապետ ընտրել իրենց թեկնածուին։ Բանն այն է, որ այդ երեք ուժերը միասին ստացել էն Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։ Այսինքն եթե ոչ իշխանական այս երեք ուժերը որոշեն միասնական լինելու քվեարկել «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի օգտին, Վանաձորը կունենա ոչ իշխանական քաղաքապետ։

Ըստ որոշ լուրերի, ՀՀԿ-ն արդեն ճնշումներ է կիրառում ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք քվեարկեն ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին։

Վանաձորի ավագանու նիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 10-ին։