Գյումրիի Շիրակացի փողոցում բնակվող Գրիգորյանների 4 անչափահաս երեխաները, հնարավոր է` ձմեռը ցուրտ տանն անցկացնեն: Երեխաները հոր, մոր, ու տատիկի հետ բնակվում են 2 սենյականոց բնակարանում, որը ջեռուցելու միջոց  ընտանիքը չունի:

«Տնակում էինք ապրում, տուն հատկացրին մեզ, 7 հոգուս տեղավորեցին 2 սենյակում, ստիպված երեխաներին տվեցի գիշերօթիկ դպրոց, որ գոնե հագնելու բան տան, գրենական պիտույքներ: Բայց շուտով երեխեքը արձակուրդում կլինեն ու չգիտենք` ոնց պետք է տունը տաքացնենք: Գազօջախ առնելու գումար չունենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը` Ամալյա Գրիգորյանը:

Կինը պատմեց, որ տանը գույք չկա, լոգարան ունեն, սակայն միջոցներ չունեն անհրաժեշտ պարագաները գնելու եւ դրանից օգտվել կիսով չափ են կարողանում: Ամալյան եւ ամուսինը հիմնական աշխատանք չունեն: Ամալյան դաշտում է աշխատում, ամուսինը` բանվորություն անում: Ընտանիքի համար մեծ խնդիր է դարձել խանութներում կուտակած պարտքերը:

«3 խանութ կա, 3-ը միասին 100 հազար դրամ պարտք ենք: Հիմա որ օգնեին մեզ մարդիկ, այդ գումարը տայինք, գոնե կկարողանայինք մի կերպ յոլա գնալ ձմռանը»,- ասաց ընտանիքի մայրը:

Ամալյան Գրիգորյանի հեռախոսահամարն է` 093 21 14 19