Գյումրին իրականում երկու մասի է բաժանվել, մեծ ճգնաժամի մեջ ենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Գյումրիում թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, Գյումրիի ավագանու ԳԱԼԱ-ի ցուցակում ընդգրկված Լեւոն Բարսեղյանը։

«ԸԸՀ անդամները Երեւանից հանձնարարությունը ստացել էին, պլանը կատարեցին։ Քաղաքն իրականում երկու մասի է բաժանվել՝ քվեներով, մանդատներով, հիմա էլ հանձնաժողովի անդամներով։ Մեծ ճգնաժամի մեջ ենք հայտնվել, եւ ընտրողներով, եւ իշխանությամբ, եւ հանձնաժողովով։ Մեղքը իշխանության վզին է, Սերժիկ Սարգսյանի եւ իր մաֆիայի պատճառով առաջացել է այսպիսի իրադրություն։

Գրեթե նույն իրադրությունն առաջացել է Վանաձորում, իրենց մոտ հակառակն է, այնտեղ մի քիչ ավելի արդար է եղել»,- հայտարարեց Լեւոն Բարսեղյանը։

Նա թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին վրձիններ է նվիրել՝ ասելով. «Սա իրենց աշխատանքային գործիքներն են՝ վրձին, մալյարի չոտկ եւ մալյարի մարկեր, գրիչներն ու օրենքն իրենց էլ պետք չէ»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան թիվ 34 ԸԸՀ-ն իր նիստում որոշում է կայացրել, ըստ որի «Բալասանյան» դաշինքն ստանում է 17 մանդատ, ԲՀԿ-ն՝ 8 մանդատ, «Հայկական վերածնունդը» եւ ԳԱԼԱ-ն՝ 4-ական մանդատ։

Հանձնաժողովի որոշումը հրապարակելուց հետո շենքի ներսում գտնվողները Սամվել Բալասանյանին անվանել են «մանդատի գող», իսկ ԸԸՀ անդամներին՝ «Մուկուչյանի ստրուկներ»։

Գյումրիի ավագանու մանդատի հավակնող ընդդիմադիր 3 ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) ու ԳԱԼԱ կուսակցությունները պնդում են, որ իրենք մեծամասնություն են, իրենց ստացած քվեներով՝ 18 մանդատ ունեն, իսկ իշխանական «Բալասանյան դաշինք»-ը 15:

ԳԱԼԱ-ի ավագանու ցուցակում ընդգրկված Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարել է, որ այս պահից գործում է երեք օր առաջ երեք կուսակցությունների տարածած հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «մանդատների ապօրինի բաշխման դեպքում մեր ցուցակներով ավագանու անդամ հայտարարված անձինք բոյկոտելու են ավագանու բոլոր նիստերը՝ մինչև դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը։ Նրանք չեն մասնակցելու ավագանու նիստ կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձևավորվելու է Տիգրան Մուկուչյանի անօրինական հրահանգներով»։

Նշենք, որ ըստ օրենսդրության, Գյումրիի ավագանու մանդատների կեսից ավելին ստանալու դեպքում տվյալ կուսակցության կամ դաշինքի ցուցակը գլխավորողը դառնում է քաղաքապետ։ Այս դեպքում քաղաքապետը կլինի Սամվել Բալասանյանը։

Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ ըստ օրենսդրության, եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների 40 տոկոսից ավելին, իսկ 15 մանդատը տվյալ դեպքում 40 տոկոսից ավելին է, ապա նրան տրվում է բոնուս եւ նրա մանդատների թիվը պետք է անցնի 50 տոկոսից։ 

Այս առնչությամբ Լեւոն Բարսեղյանը հայտարարել էր, որ եթե «Բալասանյան» դաշինքին տրվում է բոնուս եւ նրա մանդատների թիվը 15-ից դառնում է 17, ապա ո՞ր կուսակցության մանդատներից են վերցնում այդ երկու մանդատը, եւ ինչ իրավունքով են խլում մանդատները։

Հոկտեմբերի 10-ին կգումարվի ավագանու նիստ, որի ժամանակ փակ-գաղտնի քվեարկությամբ կընտրվի Գյումրիի քաղաքապետ: