Ստրասբուրգում այսօր` հոկտեմբերի 10-ին, մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը:

NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից հաղորդում է, որ հնգօրյա նստաշրջանի ընթացքում ելույթ են ունենալու եւ հարցերի են պատասխանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Նիստերի ժամանակ քննարկվելու է մասնավորապես Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո այնտեղ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ անդրադարձ է լինելու ուկրաինական ճգնաժամին: Ստրասբուրգում սպասվում է նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի ելույթը: Այս անգամ նստաշրջանում Հայաստանին ուղղակիորեն վերաբերող հարց չկա, սակայն քննարկվելու է այսպես կոչված «Պանամական փաստաթղթերը» եւ չի բացառվում, որ հայերի անուններ էլ կհնչեն ամբիոնից:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ մամուլին հայտնի է, որ օֆշորային այս սկանդալում ներառված է նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը:

Օֆշորային այս պատմության մեջ շոշափվում է նաեւ Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամների անունները: Ենթադրվում է, որ հայկական պատվիրակությունը սրան անպայման կանդրադառնա:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կավարտվի հոկտեմբերի 14-ին:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ