Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, հնարավոր է, ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի միամանդատ 73 ընտրատարածքներից 47-ում: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի Կոնտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 77-ը ընտրվում են կուսակցական ցուցակներով, 73-ը՝ միամանդատ ընտրատարածքներում: Հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 50 տոկոսը՝ գումարած մեկ ձայն: Սակայն ձայների այդպիսի քանակ հավաքում են միայն 26 ընտրատարածքների թեկնածուները, ըստ որում՝ գրեթե բոլորն էլ առաջադրված են «Վրացական երազանք»-ից:
Մեծամասնական ընտրակարգով թեկնածու է առաջադրվել նաեւ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը: Նա առաջադրվել է Զուգդիդի շրջանում Սաակաշվիլիի հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից: Ռուլովսը հավաքել է 44,95 տոկոս ձայն եւ 0,5 տոկոսով առաջ է անցել «Վրացական երազանք»-ից առաջադրված մրցակցից:




























