Բաքվի ապակառուցողական քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հազարավոր հեկտար հողեր զրկված են ոռոգման ջրից, ինչը մարդու իրավունքների եւ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է: Այս մասին հայտարարեց ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Սարսանգի ջրամբարի սպառնալիքի» մասին ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովի հայտարարությունը:
«Ռուս քաղաքագետի հայտարարությունը աբսուրդի շարքից է, քանի որ, որքան գիտեմ, քաղաքագետները սովորաբար ջրամբարի տեխնիկական մասնագետ չեն լինում, այն էլ՝ առանց ջրամբարը տեսնելու: Ուստի, ակնհայտ է, որ նրա ասածը ոչ մի հիմնավորում չունի, պարզապես ինչ-ինչ նպատակներով կատարված քարոզչական պնդում է, ուրիշ ոչինչ: Ինչպես բազմիցս ասվել է պաշտոնական Ստեփանակերտի կողմից, այժմ էլ կարող եմ հայտարարել, որ Սարսանգի ջրամբարը ոչ մի էական տեխնիկական խնդիր չունի, եւ մեր մասնագետները պարբերաբար դիտարկում են դրա վիճակը:
Ավելին՝ մենք արդեն երեք հիդրոէլեկտրակայան ունենք Սարսանգի վրա, որոնք արդյունավետորեն էլեկտրաէներգիա են արտադրում մեր բնակչության համար: Եթե որեւէ մեկը կասկածներ ունի Սարսանգի ջրամբարի պատվարի ամրության շուրջ, ապա կարող է այցելել Ղարաբաղ եւ սեփական աչքերով համոզվել, որ ԼՂՀ իշխանությունները հոգ են տանում դրա պատշաճ պայմանների մասին՝ որպես մեր կարեւոր սեփական ռեսուրսներից մեկը: Փոխարենը ռուս քաղաքագետը պետք է բարձրաձայնի, որ Ադրբեջանը հրաժարվում է բացել Սարսանգի ջրանցքի իրենց հատվածը, որպեսզի ջրամբարի ջուրը մատակարարվի թե՛ իրենց եւ թե՛ Ղարաբաղի հողամշակներին: Բաքվի ապակառուցողական քաղաքականության պատճառով ԼՂՀ տասնյակ հազարավոր հեկտար հողեր անջրդի են մնացել, ինչը մարդու իրավունքների ու պետության միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը:




























