Աշխարհը վտանգավոր եզրագծի է մոտեցել, հարկավոր է կանգ առնել եւ վերականգնել երկխոսությունը, այն դադարեցնելն ամենամեծ սխալն էր: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

«Կարծում եմ՝ աշխարհը վտանգավոր եզրագծի է մոտեցել: Չեմ ուզում հստակ դեղատոմս առաջարկել, բայց ցանկանում եմ ասել. հարկավոր է կանգ առնել: Հարկավոր է վերականգնել երկխոսությունը»,- հայտարարել է Գորբաչովը:

Նրա կարծիքով՝ հարկավոր է վերադառնալ գլխավոր առաջնահերթություններին. միջուկային զենքի կրճատում, ահաբեկչության դեմ պայքար, բնապահպանական աղետների կանխարգելում:

«Այս մարտահրավերների համեմատությամբ մնացյալ ամեն ինչ երկրորդ պլան է մղվում»,- վստահ է ԽՍՀՄ նախկին ղեկավարը: