Սարի թաղում հուլիսի 19–ի դեպքերով կալանավորված անձանց ընտանիքի անդամներն այսօր՝ հոկտեմբերի 10–ին, գլխավոր դատախազության  մոտ բողոքի ակցիա են կազմակերպել։ 

Հուլիսից անազատության մեջ գտնվող Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բերնեցյանը  NEWS.am–ի հետ զրույցում  ասաց, որ պահանջում են ազատ արձակել կալանավորվածներին։

Նրա խոսքով՝ նրանք ճաղերի հետեւում են գտնվում  նախաքննական մարմնի ոչ պատշաճ քննության հետեւանքով։

«Մենք նամակ էինք ուղարկել դատախազություն՝ հայտնելով, որ առողջական խնդիրներ ունեն հուլիսի 19–ի դեպքերով անազատության մեջ գտնվող Սարի թաղի բնակիչները, բացի դրանից ասել էինք, որ վերանայվեն նրանց հոդվածները։ Մենք ստացել ենք այսօր պատասխան դատախազի տեղակալից, ով ասեց, որ իրենք առողջական խնդիրների հետ կապված հանձնարարականներ կտան»,–ասաց Լալա Բերնեցյանը։

Նա նշեց, որ նույն պահանջով բողոքի ակցիան շարունակելու են նախագահական նստավայրի մոտ։